Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրի-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը եւ աշխարհում առաջիններից մեկը: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին,  Քյոլնի Տեխնիկական համալսարանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ելույթ է ունեցել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո. Թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» թեմայով:

«ԽՍՀՄ-ի սուզանավերի եւ տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի եւ էլեկտրոնիկայի հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել եւ արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող եւ ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում», - ասել է Փաշինյանը:

«Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics-ը (Siemens- ին պատկանող) եւ շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G եւ մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ», - նշել է Փաշինյանը: