2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ ի պատասխան հարցի, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ընթացքում, քննարկվե՞լ է, արդյոք, գազի սակագնի հարցը:
«Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Հայաստանի նախագահ Սարգսյանի սանկտ-պետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
2011 թվականի ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,- ասել է Ա. Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՀայՌուսգազարդ»-ից տեղեկացրել էին, որ բնական գազի սակագինը հայտնի կդառնա փետրվարի վերջին:




























