Իրանի հետ առեւտրի համար INSTEX ֆինանսական հատուկ մեխանիզմի մեկնարկն իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու ԵՄ-ի առաջին քայլն է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ փոխնախարար Աբբաս Արակչին՝ հայտնում է Mehr-ը։
Արակչին ընդգծել է, որ INSTEX-ը ստեղծում է համակարգ այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են բիզնես վարել Իրանի հետ։
Նա նաեւ ընդգծել է, որ այս մեխանիզմը էլ ավելի շահավետ կլինի, եթե հասանելի լինի նաեւ ոչ եվրոպական երկրներին եւ ընկերություններին, ինչը ծրագրվում է իրականացնել հաջորդ փուլում։
Նրա խոսքերով, եվրոպացիներն այդ մեխամիզմը ստեղծել են այնպես, որ ընկերություններ , որոնք ցանկանում են Իրանի հետ բիզնես վարել, չենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին, քանի որ ԱՄՆ-ի կողմից ճնշումները պահպանվում են։
Ինչ վերաբերում է այն ենթադրություններին, թե մեխանիզմը նախատեսված է միայն սննդամթերքի, դեղորայքի եւ բժշկական սարքավորումների համար, Արակչին նշել է, որ սկզբնապես դա այդպես էլ կլինի, սակայն առաջիկայում այն կընդլայնվի՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների առեւտրի համար։
ԶԼՄ-ների հաղորդագրություններով, INSTEX-ը կհիմնավորվի Փարիզում եւ կկառավարվի գերմանացի բանկային փորձագետ, Commerzbank-ի նախկին մենեջեր Պիեռ Ֆիշերի կողմից։ Ըստ Deutsche Welle-ի, Մեծ Բրիտանիան կգլխավորի դիտորդական խորհուրդը։





























