Այսօր Վրաստանում  Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խախտման առումով լուրջ խնդիրներ կան եւ հնարավոր է, որ ապագայում դրանից հակամարտություն առաջանա: Նման տեսակետ է հայտնել «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը, ընդգծելով, որ այսօր Վրաստանը բավականին շատ թշնամիներ ունի, որոնք ձգտում են երկրի ներսում առկա տարաձայնությունները հակամարտության հանգեցնել եւ այդ գործը ավարտին հասցնել:

«Չպետք է թույլ տանք, որ Վրաստանում  Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խախտումների դեպքերն  օգտագործվի մեր դեմ եւ քանի ժամանակ ունենք, պետք է այս խնդիրը վերջանականապես լուծենք»,-նշել է նա:

Նշենք, որ փետրվարի 24-ին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի Ջեյմս Սթեյնբերգի հանդիպման ժամանակ, քննարկվել է նաեւ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակը, իսկ «Բազմազգ Վրաստանի» ներկայացուցիչ Արնոլդ Ստեփանյանի ելույթը վերաբերել է Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների խախտմանը: