Տեղեկատվական տեխնոլոգիաները ԱՄՆ կառավարության եւ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համար կարեւոր ոլորտ է, բայց Հայաստանում դրա աջակցության շարունակության մասին դեռ վերջնական որոշում չի կայացվել։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց USAID հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման։
Հիշեցնենք, որ նախորդ՝ CAPS ծրագրով ՏՏ ոլորտը զգալի աջակցություն է ստացել։ Ծրագիրը օժանդակում էր հատկապես նորաստեղծ ընկերություններին, ինչպես նաեւ «Առանց փողկապների հանդիպումներ» կազմակերպելուն։
«ՏՏ ոլորտը այնքան կարեւոր սեկտոր է մանավոր հատվածի համար, որ ես վստահ եմ, որ դրա որոշ կոմպոնենտներ կաջակցվեն, բայց արդյոք այն կաջակցվի՞ նույն կերպ՝ ես չգիտեմ, բավականին դժվար է վստահորեն ասել։ Դա պարզ կլինի, երբ նոր ծրագիրը սկսվի»,-ասաց Ջ. Չիման։ Նրա խոսքով՝ USAID-ի նոր ծրագիրը մեկնարկելուց հետո կառավարության հետ որոշ գնահատողական ծրագրեր կիրականացվեն, որոնց արդյունքում պարզ կդառնա, թե որ ոլորտներն ունեն չիրացված մեծ ներուժ եւ աջակցման կարիք։
USAID-ի հաջորդ ծրագիրը կմեկնարկի մայիսին եւ կոչվելու է՝ EDMC (ձեռնարկությունների զարգացում եւ շուկայի մրցունակություն)։




























