Մոսկվան եւ Երեւանը չորս բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների գնման մասին գործարք են կնքել, որոնք Հայաստանի Զիված ուժերը պետք է արդեն 2020-ին ստանան:
«ԿոմերսանտըЪ» գրում է, որ ՀԱՊԿ-ի դաշնակցի հետ գործարքի իրականացման համար ռուսաստանցի բանակցողները լուրջ զիջումներ են արել. ոչ միայն վարկ են տրամադրել, այլեւ ինքնաթիռները վաճառել են ՌԴ ներքին շուկայի, այլ ոչ թե արտահանման գներով:
Այս գործարքն ընդհանուր առմամբ նշանակալից կարելի է համարել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար. տասնամյակների ընթացքում առաջին անգամ երկրի ՌՕՈւ նոր, այլ ոչ թե հին ավիատեխնիկա է ձեռք բերում:
Ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ մենեջերի խոսքով՝ գործարքի պայմանների համաձայն՝ Հայաստանը 2020-ին չորս նոր Սու-30ՍՄ կործանիչ կստանա (արտադրվում է Իրկուտսկի ավիաշինարարական գործարանում, «Իրկուտ» կորպորացիայի կազմում է):
«Գործարքը ՀԱՊԿ-ի շրջանակում է: Չնայած նրան, որ գործարքը կոմերցիոն է եւ գնումներն իրականացվում են ռուսական կողմից տրված վարկային միջոցների հաշվին, Հայաստանի ՌՕՈւ-ի համար յուրաքանչյուր մեքենայի արժեքը կկազմի նույնքան, որքան արժե ՌԴ ԶՈՒ-ի համար»,—պարզաբանել է «Ъ»-ի զրուցակիցը՝ նշելով, որ ռուսական կողմից նման պայմաններն իսկական նվեր են»: Գործարքով նաեւ հայ օդաչուների ուսուցում է նախատեսվում ռուսական ռազմական հաստատություններում:
Ավելին՝ մոտավորապես 2012-ին Մոսկվան եւ Երեւանը գործարք էին ստորագրել, որի համաձայն Հայաստանը պետք է մի քանի տարվա ընթացքում առնվազն 12 կործանիչ ստանար: Սակայն պատվիրատուի ֆինանսական դժվարությունների պատճառով պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ:
Այդ ժամանակվանից գործարքի հեռանկարների վերաբերյալ քննարկումներ են եղել, սակայն երկար ժամանակ չի հաջողվել կոնսենսուսի հասնել:
Կողմերը կործանիչների գնման հարցին վերադարձել են արդեն Հայաստանում իշխանափոխությունից հետո. ճիշտ է, պատվիատուի ֆինանասական հնարավորություններից ելնելով, արդեն քննարկվել է վեց Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը:
Բանակցությունների շարքի արդյունքներով համաձայնել են 4-ի շուրջ, սակայն «դա ավելի լավ է, քան ոչինչ», ասում է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում թերթի աղբյուրը:
«Ըստ էության, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ ՊՆ-ի հետ կնքված առաջին գործարքն է: Մեզ համար կարեւոր էր հաստատել ՀԱՊԿ-ի դաշնակցի մոտ մեր դիրքերի ամրությունը»,— հավելել է նա:





























