ՓՄՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին որոշումը վաղուց է ընդունվել եւ առաջիկա օրերին կսկսվի պայմանագրից դուրս գալու ընթացակարգը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանրապես որեւէ փաստարկի մասին լսել չցանկանալու,  մեզ հետ գոնե սուբստանտիվ բանակցություններ վարելուց հրաժարվելու ամերիկացիների դիրքորոշումը, խոսում է այն մասին, որ այս պայմանագիրը խախտելու որոշումը Վաշինգթոնը վաղուց էր ընդունել, -նկատել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ներկայացված վերջնագրի ժամկետի ավարտի մասին հարցը, - Ցավոք, առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կիրագործվի»:

Կրեմլի ներկայացուցիչը բացասական է պատասխանել հարցին, թե արդյոք վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ շփումներ եղել են:

«Որքանով մենք հասկանում ենք, գործը գնում  է նրան, որ, ըստ էության, փետրվարի 2-ին մենք պետք է ԱՄՆ-ից ինչ-որ ծանուցում ստանանք: Հետո արդեն կկողմնորոշվենք», - ասել է նա: Միեւնույն ժամանակ Պեսկովը ուշադրություն է դարձրել նրան, որ ՓՄՀՀՊ-ից դուրս գալու ընթացակարգը ներկայացված է իր հոդվածներից մեկում: