Անհայտ անձինք համացանցում են տեղադրել ահռելի բազա, որը կազմված է 2,2 միլիարդ օգտատերերի եզակի նույնականացման եւ դրանց հետ կապված գաղտնագրերից: Բազան ազատ տարածվում է թորենթ-թրեքերների եւ ցանցահենային ֆորումների միջոցով, հայտնում է Wired-ը:

Լոգինների, էլեկտրոնային հասցեների եւ դրանց գաղտնագրերի ժողովածուն ստացել է «Collections #2-5» անունը. դրա հեղինակներն, ամենայն հավանականությամբ, ակնարկում են հունվարին համացանցի տարածքում տեղադրված առաջին «հավաքածուն»: Այդ ժամանակ ֆայլային հոսթինգներից մեկում հայտնվել էր 87 գիգաբայթ բազա, որը ներառում էր 773 մլն օգտորերի նույնականացումներ եւ 22 մլն գաղտնագրեր:

«Սա գողացված տվյալների ամենամեծ հավաքածուն է, որը երբեւէ տեսել ենք»,- ասել է Phosphorus.io ընկերության հիմնադիր Քրիս Ռուլանդը, որն զբաղվում է գաղտնագրերի բազայի ուսումնասիրությամբ: Ենթադրվում է, որ տեղեկությունների մի մասն առաջին անգամ է հրապարակվում: