Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգայնորեն ձեւավորված ֆորմատ կա, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագությունն է եւ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, ՄԱՆ-ը եւ Ռուսաստանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, Բեռլինում Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարող է միջնորդի դերում հանդես գալ Արցախի հարցում:
«Ըստ էության, դա Մինսկի խմբի համանախագահությունն է, բայց Մինսկի խմբի շրջանակն ավելի լայն է: Կարող ենք արձանագրել, որ այդ ֆորմատն ըստ էության, ապահովում է միաջզգային հանրության ներկայացվածությունը բանակցային գործընթացում»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատն այս տարիներին համենայնդեպս, բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:
«Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները, նաեւ միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, եւ միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը: Ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել բանակցության համար: Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»,-ասաց ՀՀ վարչապետը:











