Ղազախստանի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» համաժողովի լիագումար նիստին հանդես է եկել ելույթով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Եվրասիական նորարական էկոհամակարգին նվիրված համաժողովին մասնակցել են ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների վարչապետները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը եւ ՏՏ ոլորտում միջազգային փորձագետներ:
Լիագումար նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իր ելույթում ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ղազախական կողմին միջոցառումը բարձր մակարդակի կազմակերպելու համար: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս համաժողովը կարեւոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս համատեղելու ԵԱՏՄ երկրների ջանքերը՝ ուղղված տնտեսությունների թվայնացմանը եւ դրանով իսկ դրանց մրցունակության բարձրացմանր: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թվայնացման ոլորտին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:
Իր ելույթում փոխվարչապետը նաեւ անդրադարձել է առաջիկայում Երեւանում մեկնարկող Ինժեներական քաղաքի կառուցմանը, որը կնպաստի նորարարական գաղափարների մշակմանն ու դրանց ներդրմանը ոչ միայն տեղական շուկայում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս:
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն իսկ ունի բավականին լավ մշակված ծրագրեր թվայնացման ուղղությամբ, մասնավորապես հարկային, մաքսային ոլորտներում, որը կարող է հիմք հանդիսանալ թվայնացման հետագա զարգացման եւ այդ ոլորտում ԵԱՏՄ երկրների հետ փորձի փոխանակման համար: ՏՏ ոլորտում կրթությանն անդրադառնալիս Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, որն արդեն հայկական բրենդ է դարձել ամբողջ աշխարհում: Փոխվարչապետը համաժողովի մասնակիցներին որպես հաջողված փորձ ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշակերտներին ուսումնասիրել ռոբոտաշինությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից հրավիրել է համաժողովի հյուրերին եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որը տեղի է ունենալու Երեւանում այս տարի հոկտեմբերի 6-9-ին: Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություններ:



























