Հեռավոր-արեւելյան դաշնային համալսարանի աշխատակցիներն այլ ռուսական գիտական հաստատությունների հետ համատեղ ստեղծել են ջուրը ռադիոակտիվ մետաղներից մաքրելու նոր տեխնոլոգիա: ՀԱԴՀ-ում մշակված սորբենտը հնարավորություն է տալիս իննսուն հինգ տոկոսով մաքրել ջուրը դրանում լուծված ուրանից, հաղորդում է Planet Today-ը:

Նյութն արդյունավետորեն կենտրոնացնում է ուրանի հիմքով ռադիոակտիվ միացությունները եւ թույլ տալիս հեշտությամբ հեռացնել դրանք ջրային լուծույթից: Ինչպես նշում են հեղինակները, այդ նորարարությունը կարող է լայն կիրառություն ունենալ արդյունաբերության մեջ:

«Ջրից ուրանը հեռացնելու համար ստեղծված սորբենտը կոմպոզիտային նյութ է՝ հիմնված երկաթի ծակոտկեն օքսիդների եւ մաքուր երկաթի վրա: Նյութը սինթեզելու համար կիրառվել է զոլ-գել մեթոդը, որի շրջանակներում սինթեզի փուլերից մեկում գոյանում է գել: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս բարելավել նյութի ծակոտկեն կառուցվածքի հատկությունները եւ ընտրել սորբենտն օպտիմալ արդյունավետությամբ»,-պատմել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր-արեւելյան բաժնի ավագ գիտաշխատող Եվգենի Պապինովը:

Նոր նյութը նախատեսվում է կիրառել արդյունաբերության մեջ ջուրը նախապատրաստելու, ինչպես նաեւ ռադիոակտիվ աղտոտվածությունները չեզոքացնելու համար:

Սորբենտի կիրառմամբ մաքրումն իրականացվում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում 3-48 ժամերի ընթացքում: Այնուհետեւ ջուրը ֆիլտրում են՝ հեռացնելով նստվածքը: Ջրի հարյուր մասի համար բավարարում է սորբենտի մեկ մասը: