Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Google, Amazon, Facebook  եւ այլ ընկերությունների ղեկավարությունների ներկայացուցիչները հաստատել են իրենց մասնակցությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որը կկայանա 2019 թ. հոկտեմբերին Երեւանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Մհեր Գրիգորյանը այս մասին հայտարարել է ուրբաթ՝ «Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0. Եվրասիայի նորարարական էկոհամակարգը» համաժողովին:

Փոխվարչապետը համաժողովի բոլոր մասնակիցներին հրավիրել է մասնակցելու միջոցառմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը:

«Կարծում եմ, սա հետաքրքիր հարթակ է մեր հերթական հանդիպման եւ քննարկումների, կարծիքների փոխանակման համար», – ասել է փոխվարչապետը:

«Գլոբալիզացիայի դարաշրջանում թվային օրակարգը 2.0» ամենաամյա համաժողովն անցկացվում է  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ:

Համաժողովի գլխավոր նպատակը համատեղ միջոցներ մշակելն է, որոնք կխթանեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային տնտեսությունների զարգացումը` բարձրացնելով նրանց մրցունակությունը:

Միջոցառման ավարտից հետո տեղի կունենա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն «եվրասիական» հնգյակի վարչապետերը: