ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է կնքել Միջին եւ ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին նոր համաձայնագիր հնի փոխարեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք բոլորին հավաքել մեծ եւ գեղեցիկ սենյակում եւ կնքել նոր համաձայնագիր, որը շատ ավելի լավը կլինի: Ես, անկասկած, կցանկանայի տեսնել դա»,-հայտարարել է Թրամփը լրագրողներին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 2-ին Վաշինգտոնը սկսելու է ՓՄՀՀՊ-ից դուրս գալու գործընթացը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է, որ «եթե Ռուսաստանը չվերադառնա համաձայնագրի լիարժեք եւ ստուգելի պահպանմանը 6 ամիսների ընթացքում», ապա այն չեղյալ կհայտարարվի:
Թրամփը կրկին պահանջել է Ռուսաստանից «ոչնչացնել իր բոլոր հրթիռները եւ դրանց հետ կապված սարքավորումները, որոնք խախտում են համաձայնագրի պայմանները»: Խոսքը վերաբերում է 9М729 հրթիռին, որի հեռավորությունը, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, խախտում է համաձայնագրի դրույթները:
Մոսկվայում բազմիցս անվանել են այդ մեղադրանքները անհիմն եւ նշել, որ Ռուսաստանը խստորեն պահպանում է ՓՄՀՀՊ-ի բոլոր պայմանները: Նախորդ շաբաթ պաշտպանության նախարարությունը հանդիպում էր անցկացրել՝ վերստին ներկայացնելով այդ հրթիռի բոլոր տվյալները, սակայն ԱՄՆ-ը եւ Եվրամիության երկրները հրաժարվել էին մասնակցել դրան եւ շարունակել էին պահանջել ոչնչացնել 9М729-ը:





























