Իրանը չի կատարում իր պարտավորությունները եւ չի ապահովում անհրաժեշտ համագործակցություն, որը թույլ կտա հաստատել իր միջուկային ծրագրերի խաղաղ բնույթը: Այս մասին ասված է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր տնօրենի գաղտնի զեկույցում, որն ուղարկվել է ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդին:

Ըստ այդմ, նշվել է, որ հատկապես անհանգստություն է առաջացնում ուրանի հարստացումը, որը Թեհրանը անցկացնում է ի հեճուկս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Զեկույցի համաձայն, այս տարվա փետրվարի վերջին Իրանում հաշվվում էր 8 հազար գազային ցենտրիֆուգ, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար: Վերջին 4 տարիներին Իրանում ստացվել է 3,6 տոննա ցածր հարստացված ուրան (3,5 տոկոս) եւ 43,6 կգ 20 տոկոս հարստացված ուրան:

Անհանգստության պատճառն այն է, որ հարստացված ուրանը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, այլ ոչ խաղաղ նպատակներով: