Իրանը երբեք չի ընդունի երկրի հետ առեւտրի համար INSTEX անունով հայտնի Եվրամիության ֆինանսական մեխանիզմի «նվաստացուցիչ պայմանները», ներառյալ՝ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբում Իրանի ներգրավումը։ Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավար այաթոլլա Սադեկ Ամոլի Լարիջանին՝ հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքերով, եվրոպական երկրները INSTEX մեխանիզմի համար երկու «տարօրինակ պայման» են դրել։ Առաջինն այն է, որ Իրանը պետք է միանա Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբին, երկրորդը՝ որ Իրանն իր հրթիռային ծրագրի շուրջ բանակցություններ սկսի։

«Երկրները պետք է իմանան, որ Իրանը ոչ մի դեպքում չի ընդունի այդ նվաստացուցիչ պայմանները»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան անցյալ շաբաթ հրապարակել էին համատեղ հայտարարություն՝ INSTEX-ի ստեղծման մասին, որը թույլ կտա ԵՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի իրականացումն՝ առանց ուղիղ ֆինանսական գործողությունների։

INSTEX-ը գրանցված է Ֆրանսիայում եւ պետք է կառավարվի գերմանացի բանկիր եւ Commerzbank-ի նախկին մենեջեր Պիեռ Ֆիշերի կողմից։