Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը:

Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին եւ նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական:

Այնուհետեւ ընդունելության մասնակիցներին, նաեւ տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը`  շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար:

«Ձեր միասնական ներկայությունը այս հանդիպմանը գեղեցիկ վկայություն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդեպ հարգանքի եւ բարեկամության:

Աստծո կամոք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, հայրական Մեր սերը եւ քաջալերանքը՝ հոգեւոր միասնության, քրիստոնեական արժեքներին հավատարմության մեջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացը:

Մենք եկել ենք նաեւ Հայ Եկեղեցու եւ Մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու Ավստրալիո կառավարությանը, նահանգային, քաղաքային բարեսեր իշխանություններին, որ բարյացակամությամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զորացնելու հայոց ազգային-եկեղեցական կյանքը: Ավստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդեպ դրսեւորված բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները ծառայեցնում են հյուրընկալ այս պետության բարգավաճմանը, հասարակական կյանքի զարգացմանը, մշակույթին ու գիտությանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտոնը ստանձնած մեծազնիվ տիկին Գլադիս Բերեջիկլյանի գովարժան եւ արդյունավոր գործունեությունը, ով մեր ժողովրդի դուստրը եւ մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակը լինելով՝ իր կարեւոր գործունեությամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Ավստրալիայի քաղաքական եւ հասարակական կյանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախությամբ տիկին Գլադիս Բերեջիկլյանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հավատքի ու աստվածսիրության ջերմությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնյալ զավակներ, ովքեր իրենց կյանքով ու գործով հավելում են պատիվն ու հեղինակությունը մեր ժողովրդի:

Մեզ համար, սիրելիներ, որպես Հայ Եկեղեցու հոգեւոր պետի եւ առաջին սպասավորի, հոգու բերկրանք է տեսնել այն սերն ու հարգանքը, որ մեր ժողովրդի զավակները` իբրեւ արժանավոր եւ օրինապահ քաղաքացիներ, վայելում են Ավստրալիայում», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաեւ դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաված փորձություններին եւ հայրենիքի առջեւ ներկայիս ծառացած մարտահրավերներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հավատքով ստեղծեց բարձր մշակույթ, գիր ու դպրություն, հաղթահարեց բազում փորձություններ ու ավերներ, վերապրեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը եւ այսօր իր նոր կյանքի հաղթանակներն ու հաջողություններն է կերտում: Լինելով վերստին անկախացյալ երիտասարդ պետություն, դիմագրավելով արդի ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար եւ իր հարեւանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն: Հայ ժողովրդի առջեւ կանգնած է նաեւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ արցախահայության ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի հաստատման կարեւորագույն խնդիրը: Արցախի պետությունը պատմական Հայաստանի մաս եւ հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախությունը եւ այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Խոսելով ավստրալիահայ համայնքի ազգային ու հոգեւոր կյանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխույժ գործունեությունը նաեւ մեծ ու կարեւոր նպաստ է Հայաստանի եւ Ավստրալիայի փոխհարաբերությունների եւ փոխգործակցության ամրապնդմանը: Վեհափառը հույս հայտնեց, որ երկրների բարեկամությունն ու համագործակցությունն առավել կարդյունավորվի դիվանագիտական առաքելությունների գործունեությամբ եւ Հայաստանի Հանրապետության եւ Ավստրալական Միության պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կնախաձեռնեն դիվանագիտական կապերի հաստատման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր երկնառաք շնորհները բաշխի Ավստրալիային եւ նրա ժողովրդին` պահելով սիրո, խաղաղության եւ համերաշխության մեջ: