Ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով ավտոմեքենաներ ներմուծող անձանց բյուջետային վարկ կտրամադրվի, որով հնարավոր կլինի մեքենաների մաքսազերծումն իրականացնել 6 ամսվա ընթացքում: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր փետրվարի 24-ի նիստում:
Այսօր՝ փետրվարի 26-ին այս խնդրի առնչությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ:

Նշվել է, որ մարզերում այդպիսի քաղաքացիների հաշվառումը եւ  տիպային պայմանագրերի ստորագրումն իրականացվելու է մարզպետների, մայրաքաղաքում` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Խորհրդակցությանը   քննարկվել եւ պարզաբանվել են հայտերի ընդունման, քաղաքացիների դիմումների ուսումնասիրման, պայմանագրերի կնքման ընթացակարգերի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մարզերում հաշվառված քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվությունն արդեն իսկ փոխանցել ՊԵԿ, ինչպես նաեւ շարունակել քաղաքացիների  իրազեկումը եւ մինչեւ մարտի 2-ը ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումից օգտվել ցանկացողների վերաբերյալ հավաքագրվող տեղեկատվությունը ներկայացնել ՊԵԿ:

Նախատեսվում է, որ մարտի 2-ից մարզպետները մարզերում, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունը` Երեւանում կսկսեն քաղաքացիների ընդունման եւ պայմանագրերի ստորագրման գործընթացը: