Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում չեն դադարում զինված ու արյունալի բախումները երկրի նախագահ Մուամար Քադաֆիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

«Եթե նրանք ուզում են, մենք նրանց կոչնչացնենք»,- ասել է գնդապետ Քադաֆին ապստամբների մասին: Նա կոչ է արել իր կողմնակիցներին չհանձնվել եւ շարունակել պայքարը՝ «հանուն Լիբիայի, հանուն պատվի ու նավթի», ինչպես նաեւ խոստացել է զենք բաժանել իրեն հավատարիմ քաղաքացիներին:

Լիբիայի առաջնորդի ավագ որդին՝ Սաիֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ ապստամբների դեմ պայքարում իրենց հաղթանակը մոտ է եւ հուզումները կշարունակվեն ընդամենը 2 քաղաքում:

Միաժամանակ, նրա ելույթից անմիջապես հետո, ապստամբները գրավել են Տրիպոլիի մի քանի խոշոր զինապահեստներ:

Տրիպոլիում, որտեղ կենտրոնացած են Քադաֆիի կողմնակիցների ուժերը, զինվորականները կարկ են բացել ցուցարարների վրա: Փողոցում իսկական պատերազմ է սկսվել:

Ապստամբների դեմ են դուրս բերվել վարձկաններ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Նշենք, որ գնալով Քադաֆիի շրջապատից ավելի շատ մարդ է լքում նրան ու անցնում ընդդիմության կողմը: