Երեւանում՝ փետրվարի 28-ին կկազմակերպվի բողոքի երթ` դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` Սումգայիթյան ջարդերի օրվա կապակցությամբ: Երթի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է, այն սկիզբ կառնի հիմնադրամի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակին հարող տարածքից:
Հիշեցնենք, որ 1988 թ. փետրվարի 27-29-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները երեք օրվա ընթացքում իրականացրին հայ բնակչության կոտորածներ, ոչնչացրեցին հայերին պատկանող գույքը: Կոտորածների արդյունքում վիրավորվեցին տասնյակ հայեր, սպանվեց 53 մարդ, որոնց մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրվել էին:
Բազմաթիվ անմեղ մարդիկ վիրավորվեցին եւ դարձան հաշմանդամ: Շատ կանայք, այդ թվում անչափահաս աղջիկներ բռնաբարվեցին: Ավելի քան 200 բնակարաններ հարձակման ենթարկվեցին, տասնյակ մեքենաներ այրվեցին, բազմաթիվ խանութներ ու արհեստանոցներ թալանվեցին: Սարսափելի ջարդերի ուղղակի եւ անուղղակի հետեւանքով տասնյակ հազարավոր հայեր փախստական դարձան:
Ջարդերն իրականացվեցին ադրբեջանական իշխանությունների գիտությամբ եւ համաձայնությամբ, ինչին նախորդել էին ուժեղ հակահայկական քարոզչությունն ու ամբոխի անկարգությունները: Տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, հերթական ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:
Ուստի Հայաստանում գործող շուրջ 40 երիտասարդական կազմակերպություն, այդ թվում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ԲՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՕԵԿ երիտասարդական կազմակերպությունը, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Միասին» շարժումը, ինչպես նաև մի շարք այլ ուսանողական և երիտասարդական կազմակերպություններ, անկախ քաղաքական հայացքներից, հետաքրքրությունների շրջանակներից, միավորվելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնության շուրջ, փետրվարի 28-ին կայանալիք երթի միջոցով իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ընդդեմ կատարվածի և հանուն դրա դատապարտման:
Երթին մասնակից տասնյակ երիտասարդական կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջին անգամ, նման համախմբվածությամբ հանդես կգան հայտարարությամբ, որով դատապարտում են 1988-ի փետրվարի 28-ին կատարվածը և պահանջում. «Մենք` Հայաստանի երիտասարդներս, պահանջում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը դատապարտեն 1988-1990թթ. հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և դրան տան քաղաքական գնահատական:
Իրականացված Ցեղասպանության չդատապարտումը կծնի նոր Ցեղասպանություններ և այլ ռազմական հանցագործություններ, հատկապես, երբ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և փնտրում է Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ»:
Երիտասարդները 1988-1990թթ. Հայերի դեմ կատարված կոտորածները դատապարտող հայտարարությունը կուղարկեն նաև ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանատներ:




























