Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Մինսկի գործընթացը վերականգնելու փորձ է ձեռնարկվում: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ դրան են ծառայում Ալիեւի եւ Փաշինյանի հանդիպումները, որոնք անհնար է պատահական համարել: «Այն ամենից, ինչ տեղի է ունենում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, շատ բան նոր չէ: Գաղտնիությունը, հակասական հայտարարությունները, պայմանավորվածությունների չպահպանումը»,- պարզաբանեց փորձագետը:
Իսկանդարյանը շեշտեց, որ այս ամենի մեջ մտահոգություն է հարուցում այն, որ չնայած կողմերը հետեւում են խաղաղության պահպանման սկզբունքին, այնուամենայնիվ՝ նպատակները տարբեր են եւ անգամ հակադիր: Սա խոսում է այն մասին, որ հանդարտ իրավիճակը երկար չի պահպանվի: Դժվար է պատերազմ կանխատեսել, բայց ահա էսկալացիան միանգամայն հնարավոր է»,- նշեց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ Ղարաբաղի շուրջ իրավիճակի անդորրությունը Բաքվին ամենեւին ձեռնտու չէ ներքին խնդիրների տեսակետից: «Ղարաբաղյան հակամարտությունը լավ արդարացում է բնակչության առջեւ, որը հարուստ երկրում բավականին աղքատ է ապրում: Անհրաժեշտ է հիշել, որ ոչ մեկն, ըստ էության, գաղտնի չի քննարկում բուն Ղարաբաղը վերադարձնելու հարցը, ընթանում է միայն Ադրբեջանի «դեմքը» փրկելու գործընթաց»,- եզրափակեց քաղաքագետը:





























