Տասնյակ հազարավոր շիա ցուցարարներ շարժվում են դեպի Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական հրապարակում գտնվող կառավարության շենք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ընդդիմադիրները մտադիր են հանրահավաք անցկացնել կառավարության շենքի դիմաց: Ոստիկաններ ու զինվորականներ փողոցներում չեն երեւում:

Ցուցարարների կարծիքով, երեք նախարարներին աշխատանքից ազատելը բավարար չէ. Հրաժարական պետք է տա ողջ կառավարությունը: Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆը ուրբաթ օրը աշխատանքից ազատել է երեք նախարարների՝ որոնք «ճգնաժամ են առաջ բերել» երկրում, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Զանգվածային բողոքի ակցիաները՝ քաղաքական բարեփոխումների, կառավարության հրաժարականի ու «իրական սահմանադրական միապետության հաստատման» պահանջներով, շարունակվում են փետրվարի 14-ից: բահրեյնում բողոքի ակցիաների համար ոգեւորող է Թունիսում, Եգիպտոսում ու Լիբիայում տեղի ունեցող հակակառավարական ցույցները:
Ցուցարարները, որոնց մեծ մասը շիա մահմեդականներ են, կազմում են Բահրեյնի բնակչության 75 տոկոսը: Նրանք պահանջում են ավելի շատ իրավունքներ ու ազդեցություն երկրում, որը ղեկավարում են փոքրամասնություն հանդիսացող սուննի մահմեդականները: