Հայաստանում կիբեռանվտանգության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան կրթական ծրագրեր։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հուսալի ինտերնետ» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այս ոլորտում անվտանգության ապահովման համար հարկավոր է աշխատել ինչպես երեխաների, այնպես էլ մանկավարժների հետ։
«Հետազոտությունների համաձայն՝ ամենատարածված ռիսկերը՝ կապված ինտերնետի օգտագործման հետ, ապատեղեկատվությունը, կեղծ տեղեկատվության տարածումը, սոցցանցերից կախվածությունը, խաղամոլությունը, կիբեռխարդախությունը, վիրավորանքներն են։ Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համախմբել մանկավարժների եւ ծնողների ջանքերը»,- նշել է նա։ Նարինե Խաչատրյանը հավելել է, որ հարաբերություններն այս ոլորտում ավելի լավ է կարգավորել դպրոցում նորմերի հաստատման մակարդակով, որպեսզի չծագի օրենսդրական կարգավորում մտցնելու անհրաժեշտություն։





























