Թուրքիայում մանկահասակ աղջկան բռնաբարելու գործով սկանդալային դատավճռին է անդրադարձել Die Welt կայքը:

Տարիներ շարունակ աղջկան բռնաբարել են տասնյակ տղամարդիկ, բայց աղջիկը մինչ օրս չի հասել արդարության եւ շարունակում է նվաստացման ենթարկվել անգամ դատական գործընթացի ժամանակ:

Նա 12 տարեկան է եղել, երբ նրան ուղարկել են Քըզըլթեփի շրջանի ղեկավարի գրասենյակ՝ իր ծայրահեղ ծանր վիճակում հայտնված ընտանիքի համար օգնություն խնդրելու: Աղջիկը հույս ուներ տուն վերադառնալ մթերքով ու փողով: Շրջանի ղեկավարը սկզբում նրան բարեկամաբար էր ընդունել, այնուհետեւ փակել էր դուռը: «Ես արդեն լսել եմ քո մասին»,- ասել էր նա ու բռնաբարել աղջկան:

Իրականում, 2002-ին տեղի ունեցած այդ դրվագը միակը չի եղել, նշված է քրգործում: Աղջնակն արդեն հայտնի է քաղաքի ողջ էլիտալում: Նրան բռնաբարողների ցուցակը կարդացվում է ինչպես տեղի վարչակազմի հեռախոսագիրք. Այնտեղ 26 անուն է: Դրանց շարքում են առեւտրականներ եւ երկու զինվորական սպաներ, բավականին բարեկեցին ու անվանի անուն ունեցող մարդիկ:

Թուրքիայի հարավ-արեւելքում, սովորաբար, այսպիսի պատմություններն ավարտվում են նրանով, որ հարազատ ընտանիքը սպանում է բռնաբարվածին: «Յոթ ամիս ինձ բռնաբարել են տասնյակ տղամարդիկ, որոնք իմ հոր կամ պապիկի տարիքին են»,- ասել է աղջիկը, ով ի վերջո, համարձակություն է գտել իր մեջ եւ դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը նրան մանկատուն է հանձնել, սակայն այստեղ էլ են նրան գտել ու սկսել են սպառնալ:

Լսելով իրավապաշտպան Էրեն Քեսքինի անունը, աղջիկը ամեն բան պատմել է նրան եւ վերջինս դարձել է աղջկա երկրորդ մայրը: Մեղադրվող տղամարդիկ սպառնում են աղջկան եւ նրա պաշտպաններին: Առաջին պաշտպանը հրաժարվել է գործից՝ վախենալով սպառնալիքներից: Դատարանի կողմից նշանակված մյուս երկու պաշտպանները անգամ չեն ներկայացել: Վերջապես, գործը վերցրել է իրավապաշտպան կազմակերպություն ներկայացնող պաշտպանը, ում գտել է Քեսքինը:

2010-ի սեպտեմբերին, ի վերջո, հրապարակվեց դատավճիռը. 13 մեղադրյալներ ազատազրկվեցին 4 տարի 2 ամիս, 11 այլ մեղադրյալներ՝ 4 տարի 10 ամիս ժամկետով: Բռնաբարության ժամանակ անչափահաս եղած երիտասարդը դատապարտվել է 3 տարի 2 ամիս ազատազրկման, իսկ մյուսը, որին բռնաբարության ժամանակ լքել է «տղամարդկային ուժը», դատապարտվել է ընդամենը 16 ամսվա ազատազրկման: Սա այն դեպքում, երբ անչափահասի հետ ընդամենը սեռական կապի համար (ոչ բռնաբարության) նախատեսված պատժաչափն սկսվում է 5 տարուց:

Ամենասկանդալային այս պատմության մեջ, դատավճռի հիմնավորումն է, որտեղ ասվում է, որ մեղադրյալները չեն կիրառել ոչ ուժ, ոչ սպառնալիք: Հակառակը, զոհն ինքն է մեղավոր, որ բոլոր դեպքերում «լսող» է եղել եւ, փաստացի, զբաղվել է մարմնավաճառությամբ եւ իրեն անպարկեշտ է պահել: