Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, այսօր՝ փետրվարի 26-ին ՀՅԴ Հունաստանի կազմակերպության Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջեւ` ոգեկոչելով 23 տարի առաջ  Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանցի բարբարոսների անմարդկային բնազդներին զոհ գնացած տասնյակ հայ անմեղ նահատակների հիշատակը:

Նրանք դատապարտել են հայ ժողովրդի դեմ խորհրդային իշխանությունների հանցավոր թողտվությամբ եւ համաշխարհային հանրության անտարբեր հայացքի դեմ-հանդիման սառնասրտորեն գործված ցեղասպանական անլուր ոճրագործությունը:

Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջեւ պարզել են Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող հայերեն, հունարեն ու անգլերեն պաստառները, վանկարկել սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր:

Ցույցին միացել էին նաեւ Աթենքի հայ համայնքի այլ շրջանակների ներկայացուցիչներ, անհատներ, որոնք բռուցքները վեր պարզած` իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ անմարդկային ու հրեշավոր, սակայն արդեն 23 տարի շարունակ միջազգային հանրության կողմից այդպես էլ չդատապարտված ու չպատժված սումգայիթյան ոճրի: