Թուրքիայի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ, «Բարգավաճում» (Saadet) կուսակցության առաջնորդ Նեջմեթին Էրբաքանը 85 տարեկան հասակում մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։
Թուրքիայի քաղաքական կյանքում մեծ հետք թողած Էրբաքանը ծնվել էր 1926-ի հոկտեմբերի 26-ին Սինոպում։ 1948-ին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը, որտեղ եւ շարունակել է աշխատել։ 1969-ին մտել է խորհրդարան եւ 1970-ին ստեղծել է «Ազգային կանոնադրություն» կուսակցությունը (MNP), որը փակվել է 1971-ի ապրիլին։
1972-ին ստեղծված «Ազգային փրկություն» կուսակցությունը (MSP) Էրբաքանի գլխավորությամբ 1973-ին 51 պատգամավորով անցել է խորհրդարան։ Էրբաքանի կուսակցությունը կոալիցիա է կազմել «ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) հետ, իսկ ինքը դարձել փոխվարչապետ։
1978-ից մինչեւ 1980-ի ռազմական հեղաշրջումը Էրբաքանի կուսակցությունը մնացել է ընդդիմության շարքերում եւ միայն 1987-ի հանրաքվեով ստացել քաղաքականությամբ զբաղվելու իրավունք եւ հենց այդ տարում ընտրվել «Բարօրություն» (Refah partisi) կուսակցության նախագահի պաշտոնում։ Նա 1991-ին եւ 1995-ին անցել է խորհրդարան, իսկ 1996-ին դարձել վարչապետ՝ կազմելով կոալիցիա «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ (DYP):
Թուրքիայի այն ժամանակվա գլխավոր դատախազ Վուրալ Սավաշը 1997-ին դիմել է Սահմադրական դատարանին՝ Էրբաքանի կուսակցությունը փակելու եւ նրան եւ մի շարք կուսակցականների արգելելու զբաղվել քաղաքականությամբ։ Թուրքիայի ՍԴ-ն 1998-ի հունվարին փակեց «Բարօրություն» կուսակցությունը, իսկ Էրբաքանին արգելեց 5 տարի զբաղվել քաղաքականությամբ։
5 տարի ժամանակահատվածը լրանալուց հետո Էրբաքանը 2003-ին ընտրվում է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդի պաշտնում, սակայն 2004-ին ստիպված եղավ հեռանալ այդ կուսակցությունից, քանի որ դատապարտվեց «Կորած տրիլոն» գործով։ Անկարայի «Նումանե» հիվանդանոցից տրված տեղեկանքի հիման վրա դատարանը հաշվի է առել նրա առողջական վիճակ եւ պատիժը փոխարինել տնային կալանքով։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008-ի օգոստոսի 19-ին ներում է շնորհել Էրբաքանին։
Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանկին եղել են Էրբաքանի կուսակցության անդամներից։ Էրբաքանը մշտապես նշել է, որ Էրդողանն ու Գյուլը քաղաքականության մեջ իր աշակերտներն են։
«Աբդուլլահ Գյուլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքուր երեխաներ են, սակայն սխալ քաղաքականություն են վարում։ Նրանք տոն օրերին ինձ զանգահարում են»,-նշել էր Էրբաքանը ՝ 2010-ի դեկտեմբերին թուրքական Vatan-ի հետ հարցազրույցում։
Էրբաքանին համարում են Թուրքիայի առաջին իսլամիստ վարչապետը։





























