Կոսովոյի հանրակրթական դպրոցների դասագրքերի քարտեզներում Թուրքիայի հարավ-արեւելքը՝ Քուրդիստան է, իսկ հյուսիս արեւելքը՝ Հայաստանի կազմում է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler-ը, Կոսովոյի Թուրքիայի ներկայացուցիչները շոկի մեջ են ընկել, իմանալով, որ Կոսովոյի դպրոցներում օգտագործվող աշխարհագրական քարտեզներում Թուրքիայի հարավ-արեւելքը Քուրդիստան է, իսկ հարավ-արեւմուտքը հայտնվել է Հայաստանի կազմում։ Բացի քարտեզներից,  պատմության եւ աշխարհագրության դասագրքերում թուրքերին վիրավորող գրություններ եւ պատկերներ են հայտնվել։

Հիշյալ իրադարձության հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Կոսովոյի թուրք ուսուցիչների միության նախագահ Ֆերհաթ Աշըքֆերքին՝ նշելով, որ իրենք արդեն ալբաներենից թուրքերեն են թարգմանել դասագրքերում առկա վիրավորական արտահայտություններն ու հիշատակումները Թուրքիայի մասին։

Նա նշել է, թե 4-րդ դասարանի պատմության դասագրքում պատկերված է թուրքական դրոշ՝ տրորված ձիու սմբակով, ինչպես նաեւ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ կան թուրք զինվորների հասցեին։  «Այս ամենը ոչ միայ օսմանցիների, այլեւ ամբողջ թուրք ազգի նկատմամբ վիրավորանք է»,-ասել է Ֆերհաթ Աշըքֆերքին։