Իրանը կոչ է արել Սաուդյան Արաբիային հապճեպ որոշումներ չկայացնել՝ նավթի արդյունահանումն ավելացնելու ուղղությամբ:
«Ոչ մի շտապ անհրաժեշտություն չկա, որպեսզի նավթ արդյունահանող ՕՊԵԿ-ի անդամ երկրները ավելացնեն նավթի արտադրությունը»,- հայտարարել է Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին, ով այս տարվա սկզբից կատարում է նաեւ ՕՊԵԿ-ի նախագահի լիազորությունները:
Նա կարծում է, որ նավթի արդյունահանումը մեծացնելու Սաուդյան Արաբիայի որոշումը, որը կապված է Լիբիայից նավթի մատակարարումների կրճատման հետ, հապշտակ է կայացվել եւ կոչ է արել Էր-Ռիադին ձեռնպահ մնալ նման միակողմանի որոշումներից, հաղորդում է «Վզգլյադը»:
«Ներկայումս համաշխարհային շուկայում նավթի ոչ մի դեֆիցիտ չկա: Հակառակը, նավթի ու նավթամթերքների պահուստների ծավալները ներկայումս գտնվում են վերջին 5 տարվա ընթացքում առավելագույն մակարդակի վրա»,- ընդգծել է իրանցի նախարարը: Նա տեղեկացրել է, որ դեռ որեւէ որոշում չի կայացվել ՕՊԵԿ-ի արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցով:
Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Գալեբանին հայտարարել էր, որ չնայած համաշխարհային շուկայում նավթի գների աճին, Իրանը խստորեն պահպանում է ՕՊԵԿ-ի կողմից սահմանված արդյունահանման քվոտաները:





























