Ական փնտրող ռոբոտների մրցույթի հայտերի ընդունումը սկսվում է այսօր՝ փետրվարի 28-ին; Մրցույթն անցնելու է իրական՝ բնականին մոտ պայմաններում։ Այսինքն՝ եթե հողը քարքարոտ է եւ այլն, այն հատուկ չի հարթեցվելու, ինչպես նախկինում էր։ Ռոբոտը պետք է հարթի իր ճանապարհը, գտնի հողի տակ պահված ականները եւ ինքը չպայթի։ Այս մասին փետրվարի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ տարեցտարի առաջարկվող խնդիրները բարդացվում են, սակայն ռոբոտների մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում՝ անգամ դպրոցներում են ստեղծվում «ռոտոտաշինական» խմբակներ։
Կ. Վարդանյանը տեղեկացրեց, որ ճգնաժամի պատճառով ՏՏ ոլորտի բյուջեն կրճատվել է 3 անգամ, այդ թվում՝ «ԱրմՌոբոտիքսինը», մինչդեռ 1-2 տարի առաջ «ԱրմՌոբոտիքսին» պետական աջակցություն է ցուցաբերվել։
Այս տարի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության գլխավոր հովանավորությունը ստանձնել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը։ «Սրանով մենք ուզում ենք ապացուցել, որ մեր երիտասարդները ընդունակ են հասնել միջազգային մակարդակի, եւ մեր հայրենիքում այս ոլորտը պետք է զարգանա»,-ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ մարտի 4-5-ը Երեւանում` «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում, տեղի կունենան «Գծին հետևող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները: Տարեվերջին սկսվելու է առանց օդաչու ռոբոտների մրցույթը:





























