Փետրվարին հավանաբար կունենանք 1 տոկոս գնաճ. այսօր՝ փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ հունվարին գնաճը 2,8 տոկոս էր։

Նախարարի խոսքով՝ գնաճի այդ տեմպը մտահոգում է կառավարությանը։ Նա ասաց, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են համատեղ պայքարել գնաճի դեմ։ Այսպես՝ կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը «առավելագույնս ընդլայնողական չէ», որն արտահայտվում է պետական բյուջեի դեֆիցիտի նվազմամբ։ «Պետական բյուջեի դեֆիցիտը կիջեցնենք մինչեւ ՀՆԱ-ի 1 տոկոսին։ Կառավարությունն անշեղորեն հետեւում է այդ գրաֆիկին»,- ասաց Վ. Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկին՝ այն գնաճի դեմ պայքարում է տոկոսադրույքները բարձրացնելով։

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը չունեն բոլոր այն անհրաժեշտ լծակները, որով հնարավոր է զսպել գնաճը։ Պատճառներից մեկն այն է, որ գնային շոկերը գալիս են առաջարկից, այնինչ Կենտրոնական բանկը փորձում է դրա դեմ պայքարել պահանջարկը կարգավորելով։ Այսպես՝ բնակլիմայական կատակլիզմների հետեւանքով կարող են առաջանալ գյուղմթերքների դեֆիցիտ ու գնաճ։

Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների՝ առաջին եռամսյակում տարեկան գնաճը կգտնվի 9,5 տոկոսից բարձր միջակայքում։ Սակայն տարեվերջում սպասվում է գնաճի տեմպերի թուլացում։

Պետական բյուջեի մասին օրենքով՝ տարեւերջում գնաճը պետք է գտնվի 4+-1,5 տոկոս միջակայքում։