Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Գեւորգ եկեղեցիներում փետրվարի 27-ին պատարագ է մատուցվել 23 տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ հյուպատոսության անձնակազմը:
Նշենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել։ Ադրբեջանցի հրոսակները էթնիկ հողի վրա սպանում էին հայ բնակիչներին, ոչնչացնում նրանց ունեցվածքը։ Դաժան տանջանքների էին ենթարկվել եւ սպանվել ավելի քան երեք հարյուր սումգայիթցի հայեր։ Հազարավոր մարդիկ փախստականներ էին դարձել։ Ադրբեջանական ոստիկանության անգործության ֆոնին հրոսակներին կարողացել էին զսպել ջարդերի երկրորդ օրը քաղաք մտած ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները։ Ներկայիս Ադրբեջանում ջարդերի մասին ընդունված է լռություն պահպանել։


























