Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում Սումգայիթի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի դիմաց փետրվարի 28-ին տեղի է ունեցել ծաղկեփսակ դնելու արարողությունն` ի հիշատակ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհված անմեղ հայ բնակչության:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված արարողությանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցները` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՂԼՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչության աշխատակիցները, տեղի հայկական հասարակական կազմակերպությունների անդամները, մոսկովյան բուհերի հայ ուսանողներն ու Մոսկվայում բնակվող հայեր:

Հիշատակման արարողությունից հետո ելույթով հանդես է եկել ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը՝ նշելով, որ 88-ին Սումգաիթում տեղի ունեցածը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է, եւ աշխարհասփյուռ հայությունն ու մայր Հայաստանը երբեւէ չեն մոռանա կատարվածը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքը հղել է ներկաներին՝ նշելով, որ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակել որպես եղեռն՝ շարունակությունը 1915թ. Մեծ Եղեռնի: Օլեգ Եսայանի խոսքով՝ Սումգայիթի ջարդերը նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու հայերի ձգտումներն ու թեւաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները: «Այդուհանդերձ, ադրբեջանական իշխանությունների վայրագությունները չընկճեցին հայերին եւ ԼՂՀ հռչակումն այլեւս իրականություն է», - ամփոփել է դեսպանը:

Ելույթներից հետո ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել Սումգայիթի նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ: