Շաքարավազի մեկ կիլոգրամը Գյումրիի տոնավաճառներում այսօր վաճառվել է 400 դրամով: 340 դրամից 400 դրամ` մեկ կգ-ի մեջ 60 դրամ բարձրացումը, ըստ գյումրեցիների, տեղի ունեցավ այն բանից հետ, երբ հեռուստաընկերություններն հայտարարեցին, որ շաքարավազը թանկանալու է: Մարդիկ սկսել են պարկերով շաքարավազ գնել, ինչն էլ նպաստեց, որ գինը կտրուկ բարձրանա միանգամից 60 դրամով:

Իսկ ընդհանրապես շաքարի գնի բարձրացումը տնտեսագետները կապում են «շուկայի կենտրոնացվածության բարձր մակարդակի հետ»: Ըստ տնտեսագետ Լուսյա Գալոյանի` անգամ այն պայմաններում, երբ Շիրակի մարզում` Ախուրյանում, շաքարի գործարան կա, այս ապրանքի գինը բարձրանում է, որովհետեւ ներկրողն էլ, արտադրողն էլ նույն մարդն է, շուկան կենտրոնացված է, մենաշնորհային եւ գնի բարձրացումը պայմանավորված էմիջազգային գներով:

Իրավիճակը Հայաստանում կարող է էապես բարելավվել, եթե Ախուրյանի գործարանն ու Շիրակի մարզի գյուղացիները կարողանան համաձայնության գալ շաքարի ճակնդեղի գնի շուրջ, ու գործարանն աշխատի նորմալ ընթացքով:

Նշենք, որ Շիրակի մարզի շաքարի գործարանը չի աշխատում, այն ժամանակավոր արձակուրդում է: Պատճառներից մեկն էլ արտերկրից ներկրվող հումքի պակասն է: