Հայաստան մատակարարվող գազի սակագինն անփոփոխ է։ Այսօր՝ փետրվարի 28-ին հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը մամլո հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու մասին, իսկ սոցիալապես անապահով խավերի համար սակագինը նույնիսկ կնվազի։ Այս հայտարարության տեքստից պարզ չէր՝ արդյոք հանրապետություն մատակարարվող գազի սակագինը նույնպես անփոփո՞խ է մնալու, թե՞ կառավարությունը կսուբսիդավորի սակագինը։
Վ. Գաբրիելյանի խոսքով՝ սուբսիդավորման անհրաժեշտություն չկա, բյուջեում նման գումարներ նախատեսված էլ չեն։ Այն հարցին, թե ինչ աղբյուրների հաշվին է սոցիալապես անապահով խավը ավելի էժան գազ ստանալու, նախարարն ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է։
Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 1000 խմ-ն 180 դոլարով։




























