Հայաստանում են գտնվում IBM ընկերության ներկայացուցիչները՝ համագործակցության եզրեր գտնելու համար։ Հայաստանի ՏՏ ոլորտի եւ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք փետրվարի 28-ին աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել։

Արեւելյան Եվրոպայում եւ Ասիայում IBM-ի ներկայացուցիչ Մայքլ Վիրտը ներկաներին պատմել է IBM լուծումների մասին, իսկ հայաստանյան տեղեկատվական ոլորտի վերաբերյալ ելույթով հանդես է եկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Վերջինիս խոսքով՝  թեեւ նախկինում որոշակի շփումներ եղել են ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն սա համագործակցության առաջին քայլն է։

«Մեր հիմնական թիրախը պետք է լինի այն, որ IBM-ը Հայաստանը դիտարկի որպես տարածաշրջանային կենտրոն՝ լուծումների մշակման համար։ Ոչ Վրաստանում, ոչ Ադրբեջանում ընկերությունը ներկայացուցչություն չունի»,-ասել է Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը Հայաստանը դիտարկում է ոչ թե իրացման շուկա, այլ համատեղ ծրագրեր մշակելու տեսանկյունից։

«Նրանց հետաքրքրում է հատկապես հայաստանյան աշխատուժի որակը»,-ասել է Բ. Ենգիբարյանը։