Լիբանանում Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ փետրվարի 27-ին տեղի է ունեցել հոգեհանգիստ` նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ Մայրավանքի Վեհարանի սրահում կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթներով հանդես են եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Կաթողիկոս Արամ Ա-ն:

Նրանք անդրադարձել են  23 տարի Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվեց ամենադաժան էթնիկ զտումների տեղահանման քաղաքականություն եւ պետականորեն կազմակերպված հանցագործություն: Ընդգծվել է, որ միջազգային հանրությունը քաղաքական եւ իրավական լիարժեք գնահատական չի տվել կատարվածին, այնինչ փաստագրական ապացույցները, ականատեսների վկայությունները, փաստում են, որ ջարդերը, հանցագործություններն ու վայրագություններն իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ելույթ ունեցողները դատապարտեել են Ադրբեջանի իշխանություններին, որ անկախության հռչակումից անմիջապես հետո նրանք բանտերից  ազատել են դատապարտված մարդասպաններին եւ հրապարակայնորեն նրանց հռչակել ազգային հերոսներ:

Հռետորների համոզմամբ, միջազգային հանրությանը վերջնականապես եւ մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ Ադրբեջանն է սկսել զինված ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի: Ելույթ ունեցողները միակարծիք էին, որ ժամանակակից մարտահրավերները կարելի է հաղթահարել միասնաբար Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հզոր ներուժով, համերախշությամբ եւ նվիրումով:

Դեսպան Քոչարյանը վերջին օրերի ընթացքում Սումգայիթյան ջարդերի մասին հարցազրույցներ է տվել «Ազդակ» օրաթերթին, «Վանա Ձայն» եւ «Ռադիո Սեւան» ռադիոկայաններին, «Future TV»-ին: