Եվրամիությունը «կապեր է հաստատում լիբիական ընդդիմության ղեկավարության հետ», որի ձեռքին ներկայումս գտնվում է երկրի մեծ մասը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին:

«Մենք ներկայումս տանում ենք այդ աշխատանքը»,- ընդգծել է նա:

ԵՄ-ն այսօր պաշտոնապես պատժամիջոցներ է կիրառել Լիբիայի նկատմամբ: Պատժիչ միջոցների  փաթեթը ներառում է Լիբիային զենք եւ տեխնիկա վաճառելու արգելքը, նաեւ Քադաֆիի եւ նրա 25 մերձավորների մուտքը ԵՄ 27 երկրների տարածք արգելելու որոշումը: Բացի այդ, նրանց բանկային բոլոր հաշիվները Եվրոպայում սառեցվելու են:

Որոշ տեղեկությունների համաձայն, ԵՄ երկրները քննարկում են Լիբիայի արյունոտ իրադարձությունների կապակցությամբ հետաքննություն անցկացնելու եւ Քադաֆիին միջազգային դատարանին հանձնելու հնարավորությունը: