Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը:

Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տեւել են երեք տարի, կատարվել է շուրջ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ:

Կառավարության ղեկավարը շրջել է հյուրանոցով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին եւ ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը եւ ընդհանրապես Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ եւ հարմարավետ պայմաններ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին տեղեկացրել է, որ 2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի եւ գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ:

«Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաեւ կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով եւ գերարագ Wi-Fi ինտերնետով:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երեւանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել այստեղ կատարվա վերակառուցման աշխատանքներին: