Ռուսաստանի փոխարտգործնախարար-ստատս քարտուղար Գրիգորի Կարասինը փետրվարի 28-ին հանդիպել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիի հետ եւ ի թիվս այլ հարցերի քննարկել ղարաբաղյան խնդիրը այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ուշադրություն է դարձվել նաեւ իրավիճակին Հարավային Կովկասում, որտեղ վերջերս եղել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները, նաեւ Անվտանգության եւ կայունության Ժնեւյան քննարկումների հերթական փուլի նախապատրաստման հարցերին: Արծարծվել են նաեւ ղարաբաղյան եւ մերձդնեստրյան կարգավորման խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել Կենտրոնական Ասիայի վիճակի, տարածաշրջանի երկրների հետ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների հարցերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը փետրվարի 23-25-ին այցելել է Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը: