Չինական «Fortune Oil» ընկերության կողմից Հայաստանի երկաթի հանքավայրերի շահագործման գործարքն առաջացրել է բնապահպանական կազմակերպությունների բացասական վերաբերմունքը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։
«Մենք պետք է իմանանք, թե ինչ ընկերություն է, ինչ է մտադիր անել եւ ինչ պատասխանատվություն է կրում էկոլոգիական անվտանգության համար, ինչպես է փոխհատուցվելու վնասը»,- նշված է Էկոլոգիական հասարակական դաշինքի ցանցով տարածված հաղորդագրություններում:
Բնապահպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հանքավայրի պարունակությունը պատկանում է պետությանը, այլ ոչ մասնավոր անձի: Չինական ընկերության եւ այդ մասնավոր անձի միջեւ գործարքը տեղի է ունեցել առանց հասարակայնության մասնակցության, ոչ թափանցիկ պայմաններում:
Ինչպես NEWS.am-ը ավելի վաղ հաղորդել էր՝ Հրազդանի երկաթի հանքավայրը պատկանում է «Նագին» ընկերությանը, իսկ Աբովյանի եւ Սվարանցի հանքերը՝ «Սփայս Սթիլ Արմենիա»-ին։ «Նագին» ընկերությունն իր հերթին պատկանում պատգամավոր Վարդան Այվազյանին։
Fortune Oil-ը հայաստանյան երկաթի հանքերը շահագործելու իրավունքը ձեռք է բերել միջնորդավորված՝ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների միջոցով։





























