Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Այս մասին իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Լրագրողը հարց է ուղղել. «Վերջերս Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան եւ հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հատ: Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ, Հայաստանն արդյոք միանալու՞ է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին»:

Ի պատասխան ՀՀ դեսպանը նշել է. «Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր կառույց լինելով, այսօր չի կարողանում լիարժեք կերպով օգնել Իրանին տարբեր երկրների եւ ընկերությունների հետ անխափան տնտեսական կապեր ունենալու գործում:

Գործադրվող պատժամիջոցների մեջ, նավթի ոլորտից բացի, իրենց ծանր հետեւանքներով առանձնանում են բանկային ոլորտի խստագույն սահմանափակումները: Ի դեպ, բանկային այս սահմանափակումները կապված են ոչ միայն միջուկային ծրագրի հետ:

Ֆինանսաբանկային այս խոչընդոտները օբյեկտիվորեն խանգարում են եւ՛ առեւտրային գործընթացներին, եւ՛ ներդրումային ծրագրերին:

Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Պատրաստ ենք նաեւ առավելագույն ջանքեր գործադրել առեւտրի եւ ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Հասկանալի է, որ վերը նշված բոլոր խնդիրների լուծումները պետք է փնտրել համատեղ ուժերով` հաշվի առնելով երկու կողմերի եւ՛ շահերը, եւ՛ հնարավոր ռիսկերը:

Փետրվարի 27-ին Թեհրանում տեղի ունենալիք Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում վստահ եմ, որ վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ կլինեն»: