ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նախարարության առջեւ դրված խնդիրների իրականացման հարցում։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը։

ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը եւ քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ 

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը եւ մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։

Կողմերն անդրադարձել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարեւորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։