Ֆիննական TE3 սթարթափը, որը մասնագիտացած է մարզասարքերի արտադրման մեջ, պատրաստել է «խելացի» մարզասարք, որն օգնում է ինքնուրույն հետեւել մարզումների տեխնիկային, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Փայտիկը 1,5 մետր երկարություն ունի, նրա վրա կան շարժման եւ դիրքի ցուցիչներ, որոնք ամրագրում են դիրքի շեղումը հորիզոնի գծի համեմատ, ինչպես նաեւ շարժական հավելված՝ վարժություններով։ Եթե փայտիկը «գրանցում» է ոչ ճիշտ շարժում, սկսում է թրթռալ՝ տեղեկացնելով սխալի մասին։ Հավելվածում կարելի է ավելի մանրամասն տեսնել, թե ինչը ճիշտ չի արվել։

Համակարգը կարելի է այնպես «լարել», որպեսզի փայտիկը «հետեւի» կամավոր վարժությունների կատարմանը, օրինակ՝ չմուշկներով սահող մարդու հավասարակշռությանը, կամ ծանրաձողի բարձրացման տեխնիկային։

Փայտիկը ստեղծողների խոսքով՝ համակարգն օգնում է ճիշտ բաշխել բեռնվածությունը մկանների վրա եւ հաղթահարել նստած կենսաձեւի այնպիսի հետեւանքներ, ինչպիսին են պարանոցի կամ գոտկատեղի ցավերը։

Անցած տարի TE3-ը թողարկել է սարքի 2 տարբերակ՝ մարզիկների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես պահպանել լավ կեցվածքը։ Ֆինլանդիայում դրանք արդեն նկատել են ֆիզիոթերապեւտները եւ մարզիչները։ Բայց նախագծողները կարծում են, որ «խելացի» փայտիկը նախ պետք է օգնի գրասենյակների աշխատակիցներին։

Եվրամիությունում գոյություն ունեն բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք օգնում են օֆիսային աշխատակիցներին ավելի շարժուն կյանք վարել։ Օրինակ, Բելգիայում 2017-ից գործում է «Սպորտն աշխատանքում» նախագիծը, որի շրջանակներում ընկերությունների տերերը եւ աշխատակիցները կիսվում են աշխատավայրում ֆիզկուլտուրային ակտիվության իրենց փորձով եւ գաղափարներով։