Մոսկվան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը։ Այս մասին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ փետրվարի 21-ին հայտարարել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքերով, «բազմաչարչար սիրիական հողում» հայ մասնագետների ներկայությունը հերթական անգամ հաստատում է երկու երկրների միջեւ հարաբերությունների դաշնակցային հատուկ բնույթը։

«Ժամանակակից աշխարհում կարեւոր է ունենալ դաշնակից պետությունների մշտական եւ հուսալի աջակցությունը։ Հենց այդպիսի սերտ, խորը ու ամուր են Ռուսաստանի եւ Հայաստանի կապերը»,- ընդգծել է դեսպանը։

Նա, մասնավորապես, նշել է, թե դաշնակիցների միջեւ միայն ամուր եւ վստահելի հարաբերությունների շնորհիվ է հնարավոր միջազգային հանրության առջեւ կանգնած լուրջ հարցերի համատեղ լուծումը, ինչպես նաեւ խաղաղության եւ անվտանգության ապահովումը ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 8-ին 83 մարդուց բաղկացած մասնագետների խումբ է ուղարկել Սիրիա։ Խմբի մեջ ներառված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բուժաշխատողներ եւ մասնագետների պաշտպանությունն ապահովող բրիգադ։