Սուրբ Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվել է ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցել են շուրջ 250 եկեղեցականներ Հայաստանի եւ Արցախի թեմերից:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը»: Հոգեւորականաց դասը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր հայ ընտանիքի առջեւ ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության եւ պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգեւոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը:
Նմանօրինակ մտայնության եւ վիճակների անցանկալի հետեւանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը եւ այլ մերժելի երեւույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման եւ հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետեւանքներով նաեւ տարբեր կրոնական կազմակերպությունների եւ շարժումների քայքայիչ գործունեությունը:
Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` օրինակ ունենալով մեր աստվածապաշտ հայրերին, եւ Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի եւ հոգատարության անքակտելի սուրբ միություն:
Այս նկատառումով մեծապես կարեւորում ենք մեր ողջ հանրության` անհատների, պետական եւ հասարակական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի ամրապնդման եւ ընտանիքի սրբության դեմ կատարվող ոտնձգությունների կանխարգելման գործում:
Հավատում ենք, որ կհաղթահարվեն հասարակական մեր կյանքը հուզող բոլոր տեսակի դժվարությունները, եթե մեզանում գերիշխեն հավատն առ Աստված, սերը եւ վստահությունը միմյանց, Հայրենիքի եւ Մայր Եկեղեցու հանդեպ, հավատարմությունը մեր ազգային արժեքներին ու նախնյաց ավանդներին»:


























