Ամուսնու ծեծի հետեւանքով 2010 թվականի սեպտեմբերի 30-ին մահացած Զարուհի Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է:  Դատական նիստը պետք է տեղի ունենար Արարատի մարզի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում`  այսօր մարտի 1-ին: Ինչպես NEWS.am –ին հայտնեց տուժողի իրավահաջորդի տուժողի իրավահաջորդի` Զարուհի Պետրոսյանի քրոջ` Հայաստան Պետրոսյանի ներկայացուցիչ Գոռ Մարգարյանը, դատական նիստը հետաձգվել է գործով մեղադրյալ Յանիս Սարկիսովի` դատական նիստից բացակայելու պատճառով:  

«Յանիս Սարկիսովը չի ներկայացել դատին` կալանավորներին համապատասխան անձնակազմի ուղեկցությամբ դատարան չուղարկելու կամ դրա անհնարինության պատճառաբանությամբ»,-նշեց Մարգարյանը: Նա նաեւ հավելեց, թե` քանի որ այսօր մարտի 1-ն է, իսկ հանրապետությունում ընդդիմության կողմից հանրահավաք է հրավիրվել, այդ պատճառով էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն որոշել է կալանավոր Սարկիսովին թույլ չտալ ներկայանալ դատական նիստին: «Եթե Սարկիսովին բերեին դատարան, նրա հետ ՔԿՀ-ի անձնակազմից մի քանի հոգի պետք է գար: Երեւի թե որոշել են անձնակազմին պահել տեղում, քանի որ այսօր ՔԿՀ-ում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում»,-մեղադրյալի` դատական նիստին չներկայանալը այսպես մեկնաբանեց Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ մարտի 1-ի դատական նիստում  պետք է քննարկվեր գործով մեղադրյալ` Զարուհի Պետրոսյանի ամուսնու` Յանիս Սարկիսովի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Յանիս Սարկիսովը ծառայում է ՀՀ Զինված ուժերում, պայմանագրային զինծառայող է եւ շուրջ 5 ամիս է` կալանավորված է: Նշենք նաեւ, որ մահացած կինը մանկահասակ դուստր ունի, որի խնամակալության հարցը ստանձնել է հայրական տատը: Զարուհի Պետրոսյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: երիտասարդ կինը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 11-ին: