2011-ին լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, իսկ ապրիլի 10-ին լրանում է նաեւ լիտվացի ականավոր գեղանկարիչ, կոմպոզիտոր Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլյոնիսի մահվան 100-ամյա տարելիցը, որը մեծ շուքով նշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո` ողջ աշխարհում:
Հայաստանում Լիտվայի դեսպանությունը եւ ՀՀ մշակույթի նախարարությունը այդ հիշարժան տարեթվերին նվիրված նախատեսում են անցկացնել համերգներ Չյուրլյոնիսի դաշնամուրային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարումներով, ինչպես նաեւ Չյուրլյոնիսի գեղանկարչական աշխատանքների ցուցադրություններ:
Նախատեսվող միջոցառումների շարքից Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 5-31-ը կցուցադրվեն Չյուրլյոնիսի նկարների եւ լուսանկարչական աշխատանքների վերատպությունները: Ցուցահանդեսը կուղեկցվի արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող բացառիկ փաստագրերով, ինչպես նաեւ մշակութային համատեքստում իր դարաշրջանը արտացոլող վավերագրական ժապավենների ցուցադրումով: Ցուցահանդեսի այցելուներին հնարավորություն կընձեռվի նաեւ ունկնդրել Չյուրլյոնիսի երաժշտական ստեղծագործությունների կատարումները:





























