Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր՝ մարտի 1-ին համաձայնագիր են ստորագրել երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:
Ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Երեւանի կենտրոնում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց, ավարտին հասցնել «Դալմա Գարդեն» առեւտրի ու ժամանցային համալիրի շինարարությունը, առեւտրային ժամանակակից կենտրոններ ստեղծել Հյուսիսային պողոտայում, վերակառուցել եւ արդիականացնել Երեւանի կրկեսը, հանգստի գոտիներ ու զբոսայգիներ հիմնել քաղաքի տարբեր հատվածներում: Ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավելի քան 600 նոր աշխատատեղերի ստեղծում` սպասարկման ոլորտում։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանի եւ խոշոր բիզնեսի միջեւ ձեւավորվող հարաբերությունները սկզբունքորեն նոր որակ են ստեղծում քաղաքի եւ քաղաքային տնտեսության կառավարման մեջ: «Մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումային միջոցների ներգրավման հետ կապված այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում»,- ասել է քաղաքապետը, համոզմունք հայտնելով, որ քաղաքային տնտեսության առանձին ոլորտներ, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, կարող են ավելի արդյունավետ կառավարվել մասնավոր հատվածի կողմից:
Ողջունելով քաղաքային իշխանության նոր մոտեցումը, Սամվել Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Տաշիր գրուպը» քաղաքապետարանին համարում է երկարաժամկետ եւ հուսալի գործընկեր:




























