Ղրղըզստանի Օշի մարզի Նոոկատ քաղաքում մարտի 1-ին տեղի են ունեցել զանգվածային հուզումներ, որի հետեւանքով 20 մարդ է ձերբակալվել: Տեղի բնակիչների դժգոհությունը հարուցել է շրջանային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Սագինբեկ Ալիմբաեւի սպանության գործի քննությունը:
Ալիմբաեւի դին հայտնաբերվել է փետրվարի 23-ին: Տեղի իրավապահ մարմինները սպանություն կատարելու կասկածանքով ձերկալել են Օշի մարզի գյուղերից մեկի երկու բնակիչների, ովքեր ընդունել են իրենց մեղքն ու տվել հանցագործության պատվիրատուի անունը:
Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, փետրվարի 23-ի առավոտյան Նոոկատ քաղաքում սկսել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցների թվում են նաեւ սպանվածի հարազատները, ինչպես նաեւ տեղի բնակիչները: Նրանք պահանջել են գտնել եւ պատժել սպանության պատվիրատուներին: Ցույցը, որին մասնակցել է շուրջ 700 մարդ, վերածվել է անկարգության:
Հիշեցնենք, որ սա առաջին զանգվածային միջոցառումը չէ այդ տարածաշրջանում: 2010 թվականի հունիսին հարավային Օշի եւ Ջալալաբադի մարզերում տեղի են ունեցել արյունալի բախումներ ղրղըզների եւ պատմականորեն այդտեղ ապրող ուզբեկների միջեւ: Լրատվամիջոցների տվյալներով տուժածների թիվը շուրջ 2,5 հազար էր, իսկ զոհերի թիվն անցնում էր 400-ից:




























