Իրանի մայրաքաղաքում բախում է տեղի  ունեցել ուժային կառույցների եւ ցուցարարների միջեւ:  Ինչպես հայտնել է իրանական Kaleme ընդդիմադիր կայքը, բախումները տեղի են ունենում Թեհրանի  համալսարանից ոչ հեռու, որտեղ այժմ հավաքվել են ընդդիմության առաջնորդները:

Կայքը հաղորդում է, որ Իրանի ուժային կառույցների ներկայացուցիչները քաղաքացիական հագուստով են: Լրատվամիջոցի տվյալներով,  ցուցարարները գոչում են կարգախոսներ` հօգուտ իրանական ընդդիմության ներկայացուցիչներից մեկի` Միր Հոսեյն Մուսավիի, ով նախօրեին ձերբակալվել է ոստիկանների կողմից: Նա այլ ընդդիմադիրների հետ մեկտեղ ուղարկվել է Հեշմաթիյե բանտ:

Հիշեցնենք, որ Իրանում ներքաղաքական իրավիճակը սրվել է 2009 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Երկրի գործող նախագահ Ահմադինեժադը ընտրություններում հավաքել էր քվեների 60 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից,  իրանական ընդդիմության առաջնորդ Մուսավին շուրջ 30 տոկոսը:  Ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Այդ ժամանակ բռնկված զանգվածային հուզումների հետեւանքով Թեհրանում մահացել է շուրջ 30 մարդ, հազարավոր մարդիկ ձերբակալվել են: