Որոշ մարդիկ, ներառյալ Եվրոպայում, վստահություն չունեն թուրքական կողմի նկատմամբ: Նրանք կարծում են, որ Թուրքիան ասում մի բան, անում է մեկ այլ բան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ավստրիական «Der Standard»-ին տված հարցազրույցում:
«Թուրքական կողմի հետ բանակցային գործընթացը բազում խոչընդոտներով լի երկար եւ բարդ գործընթաց էր: Նախարարական մակարդակով տեղի են ունեցել ավելի քան տասը հանդիպումներ: Օրինակ Դավոսում Թուրքիայի՝ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ վարել ենք 35 ժամ տեւողությամբ բանակցություններ:
Մենք վերջապես եկանք համաձայնության եւ Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների ներկայությամբ ստորագրեցինք արձանագրությունները: Ստորագրելուն պես Թուրքիան դրանց վավերացման համար առաջ քաշեց նախապայմաններ»,- նշել է Նալբանդյանը:
Հարցին, թե ինչ կատարվեց թուրքական կողմի հետ, Նալբանդյանը պատասխանել է. «Հավանաբար այդ մասին Դուք պետք է հարցնեք նրանց: Հնարավոր է՝ ոչինչ էլ չի պատահել: Ամեն դեպքում, հնարավոր է՝ նրանք, ովքեր ասում էին, որ դուք չեք կարող վստահել Թուրքիային, լրացուցիչ փաստարկ են ստանում»:
Դիտարկմանը, թե արդյո՞ք թուրքական կողմը հետ կանգնեց գործընթացից` ընտրությունների հետ կապված նկատառումներից ելնելով, Նալբանդյանը նշել է. «Թուրքերը հակված են մտածելու, որ միայն Թուրքիայում կարող են լինել ընյտրություններ, հանրային կարծիք: Եվ մենք ավելի շատ պատճառներ ունենք նախապայմանների մասին խոսելու համար»:




























